Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավիում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում[2]։ 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ 1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ[2]։ 1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։
1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։
Եղել է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 163)։